Փոփոխություններ կկատարվեն սթափության գնահատման չափանիշներում. ի՞նչ է սպասվում վարորդներին
ՆԳՆ-ն օրենքի նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ հնարավորություն կնախատեսվի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում, ինչի հիմքով էլ կկիրառվի վարչական պատասխանատվություն։
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Նշենք, որ առաջարկվող օրենքի համաձայն՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, ինչպես նաև տուգանային միավորի կիրառում` 5 միավոր:
Եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, ապա նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երկու տարի ժամկետով:
