34 երկիր և ԵՄ-ն ստորագրել են Ուկրաինայի համար «Պահանջների միջազգային հանձնաժողով» ստեղծելու մասին նոր կոնվենցիա
Ռուսաստանի կողմից պատճառված վնասի փոխհատուցման միջազգային հանձնաժողովի ստեղծմանը նվիրված համաժողովում Եվրոպայի խորհուրդը երեքշաբթի օրը ընդունել է Ուկրաինայի համար պահանջների քննարկման միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին կոնվենցիա, որը ռուսական ագրեսիայի պատճառած վնասի փոխհատուցման մեխանիզմի մի մաս է, հաղորդել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջը։
Առաջինը այն ստորագրել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, Նիդեռլանդների արտգործնախարար Դավիդ վան Վիլը և Մոլդովայի արտգործնախարար Միխայ Պոպշոյը։
Համաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս վարչական մարմինը կքննարկի, կգնահատի և կորոշի ՌԴ-ի կողմից Ուկրաինայում կամ նրա դեմ կատարված միջազգային անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասների, կորուստների և վնասվածքների փոխհատուցման պահանջները:
«Հաշվետվողականությունը նշանակում է ստեղծել կայուն խաղաղության պայմաններ։ Եվ, հետևաբար, հաշվետվողականությունն անվտանգության պայման է՝ այսօր և ապագայում։ Սակայն հաշվետվողականությունը միայն Ուկրաինայի մասին չէ։ Եվ խոսքը միայն մեկ ագրեսորի և մեկ զոհի մասին չէ։ Հաշվետվողականությունը վերաբերում է Եվրոպային։ Եվրոպայի յուրաքանչյուր երկրի։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյո՞ք Եվրոպան, որպես ամբողջություն, պատրաստ է պաշտպանել իր խաղաղությունը», – ասել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն, որը ներկայումս նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։
