Թրամփն արգելել է Պաղեստինի և 7 այլ երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ. Սպիտակ տուն

white-house-1765960858257-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապարփակ ճանապարհորդական արգելք է սահմանել Բուրկինա Ֆասոյի, Լաոսի, Մալիի, Նիգերի, Սիեռա Լեոնեի, Հարավային Սուդանի, Սիրիայի և Պաղեստինի քաղաքացիների համար։ Նախագահի հռչակագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Այս սահմանափակումները վերաբերում են ինչպես Ներգաղթյալների, այնպես էլ ոչ ներգաղթյալների մուտքին», – նշված է հայտարարության մեջ: Թրամփը նաև որոշել է ամբողջությամբ սահմանափակել Միացյալ Նահանգներ մուտք գործելու իրավունքն այն անձանց համար, ովքեր օգտագործում են Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից տրված կամ հաստատված ճանապարհորդական փաստաթղթեր:

Բացի այդ, նախագահը որոշել է մասնակիորեն սահմանափակել մուտքն Անգոլայի, Անտիգուայի և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ’Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիների համար։ Թրամփը ուժի մեջ է թողել Բուրունդիի, Կուբայի, Տոգոյի և Վենեսուելայի քաղաքացիների մուտքի մասնակի արգելքը։

ԱՄՆ անօրինական ներգաղթի դեմ պայքարը Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Նոյեմբերի վերջին նա հայտարարել է բոլոր ապաստան խնդրողներին Միացյալ Նահանգներից վտարելու ծրագրերի մասին։ Հոկտեմբերի վերջին նա հաստատել է փախստականների քվոտան 125,000-ից կրճատել մինչև 7,500՝ հաջորդ ֆինանսական տարվա համար։