Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է․ Լեհաստանի ԱԳ նախարար
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Միակ պաշտոնական որոշումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունն էր այն մասին, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը այլևս գոյություն չունի», – ասել է Սիկորսկին՝ նշելով, որ այն, ինչին ձգտում էր Լեհաստանի կառավարությունը, այժմ դարձել է փաստ։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատություն էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե այսպես կոչված եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Նա հավելել է, որ այն այժմ ստեղծվում է «Ռուսաստանի դեմ»։
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է Իտալիայում 2002 թվականի մայիսին։ «29+1» խորհրդակցական մեխանիզմը նախատեսում էր ՆԱՏՕ-ի երկրների և Մոսկվայի միջև հավասար քննարկումներ անվտանգության հարցերի, զենքի վերահսկողության, ահաբեկչության դեմ պայքարի և միջադեպերի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Վերջին տարիներին այն գործնականում չի գործում։
