Եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովում քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը

589049177-1166278845627301-8216008161401398076-n-1764156829191-770x_

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:

Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։

Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։