Դավիթ Խուդաթյանը և Վրաստանի ենթակառուցվածքների նախարարը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հարցեր

screenshot-2025-11-25-000432-1764014735482-770x_

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։

Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։

Քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս – հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։

Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր։