Լուրեր են տարածվում, որ կարող է ուժային լուծում տրվի այս հարցին. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից

f679f61568f048-679f61568f089thumb-770x_

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը: Այդ մասին Panorama.am-ին հայտնել է ԶՊՄԿ աշխատակից, գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Նա նշել է, որ գործադուլը շարունակվում է, գործադուլ անող աշխատակիցների պահանջները հստակ ձևակերպված են, և հարցը չի փակվի, մինչև խնդիրը չլուծվի։

«Կոմբինատի ղեկավարության կողմից դեռ արձագանք չենք ստացել և այս պահին փակ քվեարկության գործընթաց ենք սկսել, որն իրենից ենթադրում է ԶՊՄԿ աշխատակիցների աջակցությունը գործադուլին։ Որովհետև , եթե հիշում եք,  կոմբինատը հայտարարություն էր տարածել, թե գործադուլը օրենքին չի համապատասխանում, թե աշխատակիցներին կուղարկի հարկադիր պարապուրդի։ Դե սպառնալիքներին չենք էլ ուզում անդրադառնալ, որովհետև խնդիրը լուծելու փոխարեն սպառնալիքներ հնչեցնելը, կարծում եմ, որ այդքան էլ կառուցողական չէ։ Այս պահի դրությամբ փակ քվեարկությունը երկու վայրում է ընթանում՝ Քաջարան համայնքի շատրվանի մոտ և կոմբինատի տարածքում՝ բուն ցույցի հրապարակում, որի հիմնական նպատակը գործադուլին աջակցելն է։ Դրան մասնակցում են բացառապես ԶՊՄԿ աշխատակիցները և այն ընթանում է բոլոր օրինական ընթացակարգերով»,- ասել է նա։

Այն հարցին, թե կոմբինատը հայտնել էր աշխատավարձի 20 % բարձրացման մասին, արդյոք գործադուլը կշարունակվի մինչև հայտարարված նպատակին հասնելը, Վահե Մխիթարյանը պատասխանել է․ «Այո, միանշանակ։ 20 %-ը, որ ասում են՝ նախ ոչ մի տեղ ոչ մի թղթով ամրագրված չէր, երկրորդն էլ, այն ծանուցումները, որոնցով տեղեկացրել են աշխատակիցներին, այնտեղ նշվում է սկսած 6-ից մինչև 20 % բարձրացում։ Այնպես չէ, որ այն հստակ թիվ է, աշխատակիցներ կան, որ նրանց աշխատավարձը բարձրանալու է 10,000 դրամից մի փոքր ավելի։ Այդ առաջարկությունը, բնականաբար մերժվել է և դրանից հետո հայտարարի դեռ չենք եկել։ Ակնկալում ենք, որ լինելու է կառուցողական մոտեցում, հաշտեցման հանձնաժողով, լինելու են առաջարկներ, գոնե՝ երկխոսություն։ Լուրեր են տարածվում, որ կարող է ուժային լուծում տրվի այս հարցին, որի դեպքում այնքան էլ լավ բան չի ստացվի ժողովրդավարության բաստիոնում»։

Հիշեցնենք, որ գործադուլ հայտարարած աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։