Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը նշանավորեց մեր երկրների միջև խաղաղության հաստատումը․ ԱԳ նախարարի տեղակալ
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Պեկինի համաժողովից 30 տարի անց. կանանց ներդրումը ֆրանկոֆոն տարածքում» թեմատիկ քննարկմանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է.
«… Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ընդունման 30-ամյակը լավ հնարավորություն է արձանագրելու առաջընթացը և քննարկելու մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը շարունակում եմ մնալ առանցքային ուղեցույց աշխարհում կանանց և աղջիկների իրավունքների լիարժեք իրացման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջխաղացման տեսանկյունից: Ուրախալի է, որ տարիների ընթացքում դրանք լրացվել են այլ կարևոր նախաձեռնություններով և այդ գործընթացից անմասն չի մնացել նաև մեր կազմակերպությունը:
2018 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդունվեց Կանանց և տղամարդկանց իրավահավասարության, կանանց և աղջիկների իրավունքների և անկախության խթանմանն ուղղված ռազմավարությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ հանձնառությունը և միևնույն ժամանակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի կողմից թիրախային նախաձեռնությունների իրականացումը:
Կցանկանայի վերահաստատել կանանց իրավունքների պաշտպանությանն ու առաջնորդության խթանմանը Հայաստանի հանձնառությունը: Իրականացված աշխատանքների արդյունքներում կանանց քանակական և որակական դերակատարության աճ է արձանագրվել Հայաստանի կառավարման տարբեր ոլորտներում: Հայաստանի ներկա կառավարության կազմում նախարարների 30 տոկոսը կանայք են: Մեր պատմության մեջ առաջին անգամ ունենք կին ՆԳՆ նախարար և գլխավոր դատախազ։ Նոր ձևավորված ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը և մարդու իրավունքների պաշտպանը ևս կանայք են։
Տարեցտարի ավելանում է նաև ՀՀ ազգային ժողովում կին պատգամավորների քանակը՝ այս պահին կազմելով ավելի քան 36%։
Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը միջազգային հարթակներում և ազգային մակարդակով։ Արդեն իսկ ավարտին ենք հասցրել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ազգային ծրագրի աշխատանքները: Ծրագիրը կրում է «Ներդրում խաղաղություն ապահովելու համաշխարհային ջանքերին» խորագիրը և վերահաստատում է խաղաղության օրակարգի կարևորությունը, այդ թվում՝ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» շրջանակում հանձնառությունների իրականացման միջոցով։
Կանայք հանդիսանում են կարևոր դերակատարներ խաղաղության հաստատման, հակամարտությունների հետևանքների հաղթահարման, վստահության մթնոլորտի վերականգնման և հաշտեցման գործընթացներում։ Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Դա նշանավորեց մեր երկրների միջև խաղաղության հաստատումը՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը: Այն նաև հնարավորություն ստեղծեց հետհակամարտային կարգավորման և վստահության ամրապնդման գործում հանրությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և կանանց կազմակերպությունների ներգրավման համար»:
