Պետության սուբսիդավորմամբ բերված 13 հազար սարքավորումներն ի՞նչ արդյունավետությամբ են աշխատում, դրանք ովքե՞ր են վերահսկում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Ասացիք, որ պետական բյուջեի կողմից սուբսիդավորվել են 13 հազար սարքավորումներ, որպեսզի տնտեսությունը զարգանա, դա լավագույն գործիքներից է: Բայց կարո՞ղ եք ասել՝ այդ 13 հազարը որ ոլորտներին է վերաբերում՝ ինչքան է վերամշակողը, և այդ 13 հազար բերված սարքավորումներն ինչ արդյունավետությամբ են աշխատում: ԱԺ-ում 2026-ի բյուջեի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարցադրմամբ դիմեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
«Հնարավոր է դրանից 1 կամ 2 հազարը դեռ ինչ-որ պահեստում է, ինչպես պարոն վարչապետը գնաց տեսավ դաշնամուրն էր պահեստում: Դրանք ովքե՞ր են վերահսկում, ո՞վ է պատասխանատուն, այդ սարքավորումը 8, 12 կամ 24-ժամյա ռեժիմով աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում, և դրանց բերելուց հետո ինչքանով են մրցունակ դարձել մեր տնտեսությունները, որտեղ ժամանակակից 5+ սերնդի սարքավորում է բերվել: Ինչու եմ հարցնում՝ որ հասկանանք էլ ինչ անենք, որպեսզի ավելի մրցունակ լինենք, ավելի արդյունավետ լինի և գումարը թիրախային ծախսվի: 13 հազարից ինչքա՞նն է եղել, որ սխալվել ենք, կարող է հազարի դեպքում այնպիսի սարքավորում ենք բերել, որ արդեն հնացած է եղել, արդյո՞ք ինչ-որ մարմին կա, այդ վերլուծությունը կա, որ ոլորտներն են, որ սկսեցին ավելի արագ աճել այդ ներդրումների արդյունքում»,- նշեց Սուքիասյաննը ընդգծելով, եթե հնարավոր չէ ամբողջական տեղեկատվություն տրամադրել իրեն մի տեղեկանք տալ՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար,- շարունակել է պատգամավորը:
«Շատ կարևոր հարց է»,- արձագանքել է Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առավելապես Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է. «Ոչ միայն սա, այլ մեր բոլոր իրականացվող ծրագրերը պետք է իրենց արդյունքներով գնահատվեն: Այս գործիքի կառուցման տրամաբանությունը հետևյալն է, որ նախ վարկը տրամադրում է բանկը, բանկը գնահատում է այն ռիսկերը, որն առկա է առանձին ձեռնարկությունում, հետո ձեռնարկությունը վճարում է մայրը գումարը և պետությունը սուբսիդավորում է տոկոսի մի մասը և նաև ենթադրությունը նա է, որ ձեռնարկատերը խելամիտ լինելով չի կարող ձեռք բերել սարքավորում, չօգտագործել այն, դրա համար վարկ վերցնել և սպասարկել և դրանից հավելյալ օգուտներ չստանալ: Կարծում եմ՝ հիմնականում վերամշակող արդյունաբերության և շինարարության ուղղություններն են»:
«Ես ուզում եմ ասել՝ հնարավոր է բերել են շրջանառու միջոց չունեն, իրացման ծավալներն են նվազել, մենք ինչ ձևով ենք ուղեկցում մինչև տրամաբանական ավարտը: Վերջին հաշվով՝ պետությունը հարկերի հավաքագրման արդյունքում որոշում է կայացրել ինչ-որ ոլորտի օգնել, դրանք տրվել են ՀՀ քաղաքացիների կողմից, կապ չունի 1 դոլար եք ծախսում, վերջերս աշխարհի 7-րդ կազմակերպությունը 10-ը դոլարի համար մարդ է աշխատանքից հանել, մենք հազարավոր, միլիոնավոր մարդկանցով հարկ ենք հավաքագրում, դա պետք է արդյունավետ լինի»,- ասել է Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ այդ առումով պետք է ամենօրյա աշխատանք տարվի:
