Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

screenshot-2025-10-16-194750-1760629682252-770x_

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում Թագուհի Ղազարյանը նշել է, որ նոր կարգավորմամբ գործելու ճկունություն կտրվի կառավարությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերության դեմ է: Նրա խոսքով՝ պետության պոզիտիվ առաքելությունն է հանրությանը կրթելը, եւ եթե պետությունը նախանձախնդիր է առողջ հասարակություն ունենալու հարցում, ուրեմն կրթության տարբեր ձեւերից պետք է օգտվի: Պատգամավորի խոսքով՝ բացակայում է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման փաստարկը, կրթամշակութային եւ հոգեւոր հաղորդումների օրենսդրական պահանջը:

Պատգամավորի դիտարկմանը հակադարձել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ պետության պոզիտիվ պարտականությունն ալիք պահելը չէ, այլ բովանդակությունը քաղաքացիներին փոխանցելը: «Մենք այս պահին ունենք 5 հաճախականություն կամ ալիք, 2-ը՝ ռադիոյում, 3-ը՝ հեռուստատեսությունում: Ամեն հանրային հեռարձակող կարող է ունենալ 2, 3 ալիք: Սա ալիքի մասին չէ, սա հանրային հեռարձակողի մասին է»,- ընդգծել է օրինագծի համահեղինակը:

Պատգամավորի գնահատմամբ խնդիրը քաղաքացիների հարկերից հավաքված գումարը նպատակային եւ թիրախային օգտագործելն է:

«Կարծում եմ, որ հանրային միջոցներն անարդյունավետ են ծախսվում, երբ չկա մրցակցություն»,- փաստել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:

Կրթամշակութային հաղորդումների վերաբաշխման մասով Թագուհի Ղազարյանը նշել է, որ նախորդ տարի ստեղծվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որն այս հաղորդումները բաշխելու է տարբեր հեռուստաալիքների միջեւ եւ ֆինանսավորելու է: Գործընթացն անցկացվելու է մրցույթով: Միջազգային փորձի ուսումնասիրման մասով օրինագծի համահեղինակը նշել է, որ եվրոպական երկրներից շատերն ունեն 1 կամ 2 հանրային հեռարձակող, 3 հանրային հեռարձակող քիչ երկրներ ունեն: Նույնիսկ կան երկրներ, որոնք չունեն հանրային հեռարձակող: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Շողակաթ» հեռուստաընկերության եթերի քաղաքականացված լինելու հարցին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհուրդն ունեցել է որոշ վերապահումներ, որոնք Կառավարությունում քննարկվել են: Դրանց մասով հարցադրումներ են արվել, եւ Կառավարությունը միաձայն որոշել է, որ նախագծի առնչությամբ առարկություններ չունի:

Օրինագիծը քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում: