ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի միջամտումն Իրան-Իսրայել պատերազմին «շատ վատ որոշում» կլինի
Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմ Բարաքը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժմանը զգուշացրել է չմիջամտել իր գլխավոր աջակից Իրանի և Իսրայելի միջև պատերազմին։ Բարաքը, որը նաև ԱՄՆ դեսպանն է Թուրքիայում, իր առաջին այցն է կատարել Բեյրութ, որտեղ նա հանդիպել է Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ, որը «Հեզբոլլահ»-ի դաշնակիցն է։
«Ես կարող եմ նախագահ Թրամփի անունից ասել… դա շատ, շատ, շատ վատ որոշում կլինի», – ասել է Բարաքը Բերրիի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի ԱՄՆ դիրքորոշումը «Հեզբոլլահ»-ի պատերազմին ցանկացած ներգրավվածության վերաբերյալ։
«Հեզբոլլահ»-ը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները, երբ հակամարտությունը սկսվել էր հունիսի 13-ին, բայց չի հայտարարել Թեհրանին աջակցելու համար միջամտելու մտադրության մասին։
