Գոտկատեղի ցավը ցավն ամենատարածված տեսակներից է, այն բժշկի դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառն է:
Մեջքի գոտկային հատվածի ցավերը կարող են տարբեր բնույթ ունենալ և տարբեր խանգարումների հետևանք լինել:
Ցավը կարող է լինել սուր, մղկտացող, ծակող, բութ, այրող, նաև կարող է լինել կամ ողնաշարի մի կետում, կամ գոտկատեղից տարածվել ամբողջ մեջքին կամ ոտքին:
Ցավը կարող է հանկարծ առաջանալ կամ գրեթե աննկատ առաջանալ և աստիճանաբար ուժեղանալ:
Գոտկատեղի ցավ
Առանձնացնում են գոտկատեղի ցավի 3 տիպեր
1. Սուր
3 ամսից ավել չի տևում: Սա գոտկատեղի ցավի ամենատարածված տեսակն է, դրանից ազատվել կարելի է տանը 4-6 շաբաթ բուժվելով:
2. Կրկնվող
Երբ գոտկատեղի սուր ցավերը կրկնվում են:
3. Քրոնիկ
Եթե գոտկատեղի սուր ցավը չի անցնում 3 ամիս անց, դառնում է քրոնիկական:
Գոտկատեղի ցավի պատճառները
1. Վնասվածքներ, կապերի ձգումներ, չափազաց շատ ծանրաբեռնվածություն, ողնաշարի ծռում (սպոնդիլոլիզ, սպոնդիլոլիստեզ):
2. Ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք՝ օսթեոպորոզով պայմանավորված, արտրիտ, բնածին խնդիրներ կամ ողնաշարի հիվանդություններ:
3. Ողնուղեղի նյարդերի արմատների սեղմում, միջողային ճողվածք, ողնաշարի ծռում, ստենոզ, օստեոխոնդրոզ:
4. Ողերի կոտրվածք:
5. Ողնաշարի տարբեր դեֆորմացիաներ (կիֆոզ, սկոլիոզ, լորդոզ):
6. Թարախային գործընթացներ:
7. Ծերացում (մաշկը և մկանները կորցնում են իրենց էլաստիկությունը, ինչը մեծացնում է վնասվածքների ռիսկը, իսկ ողերը մաշվում են և դադարում ոսկորների միջև ամորտիզատորի դեր կատարել):
8. Հղիություն:
Ռիսկի գործոնները (ովքեր են առավել ենթակա գոտկատեղի ցավերի ռիսկին)
1. Ողնաշարի ցանկացած կորությամբ մարդիկ:
2. Բոլորը, ովքեր բավական շատ ժամանակ են անցկացնում նստած վիճակում:
3. Թույլ մկանա-ջիլային ապարատ ունեցող մարդիկ:
4. Ճարպակալմամբ տառապողները, ծխողները և ալկոհոլը չարաշահողները:
Եթե մեջքի ցավը կամ անհարմարությունը չի անցնում 2-3 օր, դա նշան է, որ պետք է դիմել բժշկի: