ՄԻՊ-ը շրջայց է կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

l-0x107wh-1280x746z-06141-2-770x_

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին: Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ: Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակը մասամբ վերացվել է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ հիմնանորոգվել և կահավորվել են անհրաժեշտ գույքով:

Այս համատեքստում Պաշտպանը ողջունելի է համարում հաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված պետության հանձնառությունը և հատկապես կարևորում է պետության ջանքերի շարունակականությունը՝ ամբողջական վերանորգման աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասնցնելու տեսանկյունից:

Պաշտպանը նաև շրջայց է կատարել կենտրոնի մանկական բաժանմունքում, զրուցել հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական հաստատություններում աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը: Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրությունում: