Սոցիալական հարթակներով կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին

ՆԳՆ-ն հայտնում է, որ սոցիալական հարթակներով կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին։
Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։
Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։
Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան։ Իսկ եթե փորձեք ձեռք բերել որևէ կեղծ վարորդական վկայական, անձնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, ապա դուք ևս կդառնաք հանցագործության մասնակից անձ։