«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել

snimok_246-770x_

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ հացադուլը սկսել են մարտի 13-ից։ Նրա խոսքով՝ իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել են, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանի օրինական դատավճռի իրականացմանը։

Նավիկյանի խոսքով՝ հացադուլավորների հետ աշխատում են հոգեբանները՝ հորդորելով դադարեցնել հացադուլը։

Հարություն Մուրադյանի գործին առնչվող որոշ մանրամասներ է հայտնում Factor.am-ը։ Պարզվում է՝ նա արդեն երկրորդ անգամ է դիմում հացադուլի․ տարեսկզբին Մուրադյանը նախ ինքնավնասման, ապա հացադուլի միջոցով փորձել էր ուշադրություն հրավիրել իր գործին։

Կալանավորի խոսքերով՝ 2024-ի նոյեմբերի վերջին ինքն արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց դատավորի սխալի պատճառով ստիպված կալանավայրում պետք է անցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։

Հափշտակության հոդվածով դեռևս 2019 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Մուրադյանին այլ հանցանք կատարելու համար էլ է մեղադրանք առաջադրվել, բայց համակցված պատժաչափ նշանակելու ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետի մասին հաստատականն ուշ են ուղարկել ՔԿՀ։

Հարություն Մուրադյանը երեք տարբեր գործերով եղել է ամբաստանյալի աթոռին։ Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ առաջին դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը 2019 թվականի հունիսին՝ Մուրադյանին դատապարտելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Վերադաս ատյաններն անփոփոխ են թողել դատավճիռը, և այն ուժի մեջ է մտնել 2020 թվականի մայիսի 5-ին։ Սակայն այդ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը, որը դատարանն ուղարկել է ՔԿՀ, գրեթե 3 տարի չի ստացվել։

Մուրադյանի խոսքով՝ այն տեղ է հասել միայն իր դիմումից հետո, միայն թե կալանքի տակ լինելու հաշվակցումը նշվել է ոչ թե 2020 թվականը, այլ հաստատականը տրամադրելու ամսաթիվը՝ 2022 թվականի մայիսը։

2020 թվականից կալանավորված Հարություն Մուրադյանը երկրորդ հանցանքի համար 2022 դեկտեմբերին դատապարտվում է ևս 2 տարվա ազատազրկման։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը, գումարելով նախորդ պատժաչափին, վերջնական պատիժ է նշանակում 4 տարի ազատազրկումը՝ կալանքի հաշվակցումը սկսելով ոչ թե 2020, այլ 2022 թվականից։