Վաղարշապատում մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է (տեսանյութ)

154509-770x_

Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Էջմիածնի Պռոշյան փողոցի իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը: Հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ` փորձի վերաբերյալ: Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին 26 և 48 տարեկան երկու տղամարդ Էջմիածնի Մանուշյան փողոցում գործիքով բացել էին ծաղկի սրահի դուռը և փորձել գողություն կատարել, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չհասցրած դիմել էին փախուստի:

Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդկանց ինքնությունը. մեկը 26 տարեկան էր, առանց մշտական բնակության վայրի, մյուսը` 48 տարեկան երևանցի:
Նույն օրը երևանցին հայտնաբերվեց մայրաքաղաքի Չարենցի փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ նա խոստովանեց, որ գողության փորձն ու մեքենայից գողությունը կատարել են իրենք, և գողացված մարտկոցն էլ իրենց տանն է:

Հաջորդ օրը հայտնաբերվեց նաև 26-ամյա երիտասարդը: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: