ՄԱԿ-ը պետք է հասկանա՝ այն, ինչ կատարվում է Բաքվում պահվող հայերի հանդեպ, առաջին հերթին խարան է հենց իր համար. Արցախի ՄԻՊ

screenshot-8_32-770x_

Ողբերգական է ավելի ճիշտ, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված կառույցն ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իր իսկ կանոնադրական նպատակների, իր իսկ կանոնադրական սկզբունքների, հիմնարար սկզբունքների պաշտպանության համար: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչության դիմաց հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սա համատարած է աշխարհում, բայց առնվազն մեր պարագայում մենք տեսնում ենք, որ այդ անգործությունը շատ ավելի ընդգծված է, կան մեխանիզմներ, կան գործողություններ, որ պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար առնվազն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների առողջական վիճակը, պահման պայմանները և, իհարկե, վերջ դնելու այդ դատական փաստին և անձանց հայրենադարձնելու իրենց հայրենիք»,- ասաց նա։

Ստեփանյանն ընդգծեց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Արցախի ժողովուրդը պայքարել է ինքնորոշման համար։ «Գիտեք, նույն միջազգային իրավունքը շատ հստակ ամրագրում է, որ ինքնորոշման համար պայքարի ելած, ապստամբած ժողովուրդներն ունեն այդ իրավունքը և որևէ ձևով դրանում որևէ հանցագործություն չկա։ Եվ այսօր Բաքվում գտնվող անձինք, իհարկե, հենց դրա համար են գտնվում այնտեղ: Այսինքն, մարդիկ, որոնք պայքարել են ինքնորոշման համար, կանգնել են այդ ինքնորոշման դիրքերում և Արցախի ժողովրդի հետ միասին առաջ են մղել այդ իրավունքների պաշտպանության օրակարգը, այսօր դատվում են, այսօր գտնվում են անազատության մեջ, պարզապես իրենց հիմնարար իրավունքների իրացման համար»,-շեշտեց նա:

Նա նշեց, որ զուգահեռ մենք տեսնում ենք, որ այն կառույցները, այդ թվում ՄԱԿ-ը, որն իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը՝ ազգերի իրավահավասարության իրավունք,  ուղղակի որևէ գործողություն չի ձեռնարկում այս ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար։

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարն անդրադարձել է այս հարցին։ Ինչը նշանակում է, որ չեք կարող ասել՝ տեղյակ չէիք, ֆիքսվել է, որ տեղյակ եք և արդեն պետք է կատարեք գործողություններ , որոնք կնպաստեն այդ իրավիճակի կարգավորմանը: Այդ գործողությունները բազմաթիվ են ՄԱԿ-ի շրջանակներում՝ պատվիրակությունների ուղարկում, մշտադիտարկման իրականացում, պրոցեսի նկատմամբ վերահսկողության սահմանում: Ընդ որում, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ ունեն որոշակի լիազորություններ այս հարցում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ հավաքվածների խնդրանք-պահանջը հենց բխում ա դրանից, որ օր առաջ շոշափելի և գործնական քայլեր ձեռնարկվեն աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված ՄԱԿ-ի կողմից, որի հիմնարար սկզբունքներից են հենց մարդու իրավունքների պաշտպանությունը և կանխվեն Ադրբեջանում տեղի ունեցող հանցագործությունները։

«Ի վերջո, ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար՝ որպես միջազգային կազմակերպություն։ Եվ արդյոք ճիշտ է թույլ տալ, որ իր անդամ պետությունն այս ձևով ուղղակի ցինիկաբար ոտնահարի ամենատարրական սկզբունքները միջազգային իրավունքի և մնա անպատիժ, կամ առանց որևէ հետևանքի»,- հայտարարեց նա: