Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը և Հայաստանը հետ կվերցնեն փոխադարձ հայցերը միջազգային դատարաններում. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Միջազգային դատարաններում ներկայացված փոխադարձ հայցերը հետ կվերցվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան:
Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»: