Այգավան գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նա և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը «Այրվածաբանության ազգային կենտրոն» էին տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոնից՝ մարտի 4-ին՝ Այգավան գյուղում գործող գազալցակայանում առաջացած պայթյունի հետևանքով:
Այս պահին Հ. Փայտյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն էլ պարզել են, որ գազալցակայանը պատկանում է Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանին, ով «Ա/Ձ» տնօրեն է:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Այգավան գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: