ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է USAID-ի ծրագրերի 83%-ը

be2ea9e9-e3d7-4da6-8ce0-95d275e7b7c0-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Վեցշաբաթյա վերանայումից հետո մենք պաշտոնապես դադարեցրել ենք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը: 5,200 պայմանագրերում, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ԱՄՆ-ի շահերին ոչ համապատասխան (և որոշ դեպքերում նույնիսկ ի վնաս)»,- գրել է նա X-ում։

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ մնացած ծրագրերի կառավարումը (մոտ 1,000) փոխանցվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Իր գրառման մեջ պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որը վերահսկվում է Իլոն Մասկի կողմից՝ այս «հասունացած, պատմական բարեփոխումների» իրականացման գործում ներդրած ավանդի համար։

Փետրվարի 26-ին Թրամփի վարչակազմը հայտարարել էր ԱՄՆ ՄԶԳ-ի և Պետդեպարտամենտի արտաքին օգնության պայմանագրերի 92%-ը չեղարկելու մտադրության մասին, ինչը կխնայի մոտ 60 մլրդ դոլար պետական ​​բյուջեից։ Փետրվարի 3-ին ամերիկյան վարչակազմը Մասկի և նրա գերատեսչության դրդմամբ դադարեցրեց գործակալության գործունեությունը։