Պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, երբ ես, Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները համարենք, որ դրա համար հարմար պահ է եկել. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության, բայց երբ դրա համար հարմար պահ լինի։ Նա պարզաբանել է, որ իրենց խոսակցությանը պետք է նախորդեն բանակցությունները բանակցողների միջև։
«Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ ես, Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները համարենք, որ դրա համար հարմար պահ է եկել», – ասել է Մակրոնը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով զրուցել են 2022 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի փետրվարին Էմանուել Մակրոնը հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հետ խոսելու պատրաստակամության մասին, եթե դա օգնի լուծել ուկրաինական հակամարտությունը։
Այս շաբաթ Մակրոնը չի բացառել, որ եվրոպական երկրների իշխանությունները կարող են վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «ոչ ոք չի արգելում» Ֆրանսիայի նախագահին զանգահարել Պուտինին, և Մոսկվան բաց է շփումների համար։