Մոսկվան և Վաշինգտոնը կապի մեջ են ԱԳ նախարարությունների միջոցով. Ռյաբկով
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը կապի մեջ են արտաքին գործերի նախարարությունների միջոցով։ Դիվանագետը նշել է, որ չի բացահայտնի երկխոսության մանրամասները։
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու նախագահի մամուլի քարտուղարի ասածին. կան որոշակի շփումներ, սակայն պատճառ չկա, որ ես այս թեմայի վերաբերյալ մանրամասներ հրապարակեմ։ Բայց ընդհանուր առմամբ գործընթացը տեղի է ունենում»,- kommersant.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի արտաքին քաղաքականության մեջ նոր վեկտորներ են ի հայտ գալիս։
«Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, որը տեղի ունեցավ ի հեճուկս բազմաթիվ կանխատեսումների, նշանակում է ԱՄՆ ներքին քաղաքականության հանգուցային իրադարձությունների փոփոխություն և, իհարկե, արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ նոր բաղադրիչների ու նրբերանգների ի հայտ գալը»,- նշել է դիվանագետը։ Եվ նա հավելել է, որ միայն ԱՄՆ-ից է կախված, թե արդյոք նոր վարչակազմը կօգտվի Մոսկվայի հետ երկխոսության հնարավորությունից։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին ասել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Նա նաև հույս էր հայտնել, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն։
«Գերադասում եմ ոչինչ չասել»,- պատասխանել էր Թրամփն այն հարցին, թե քանի անգամ է շփվել ՌԴ նախագահի հետ։ Կրեմլում այս տեղեկությւոնը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին: