1 մլն շրջանառության դեպքում 50 հազար էինք վճարում, հիմա կվճարենք՝ 100 հազար, ստացվում է՝ պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում. տնտեսվարող

screenshot-53_6-770x_

Դիտարկվում է ոչ մասնագիտական քաղաքականություն հարկային դաշտում, որն ի վնաս մեզ է՝ տնտեսվարողների. այս մասին կառավարության դիմաց հարկային բեռի ավելացման դեմ ակցիայի ժամանակ ասաց Հովհաննես Գևորգյանը, որն ունի ստոմատոլոգիական կլինիկա:

Նա նշեց, որ ստամատոլոգիական ոլորտում մանր բիզնեսը, եթե ունի 1 մլն դրամի շրջանառություն, ծախսերը եթե հանում են՝ աշխատավարձ, տարածքի վարձ, նյութերի ծախս, մոտավորապես մնում է 200 հազար դրամ:

«Մինչ այսօր 1 մլնի 5 տոկոսը 50 հազար էինք վճարում, իսկ հիմա կվճարենք 100 հազար, ստացվում է՝ պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում: 2018-ին փաստորեն ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ մենք օրինականացրել ենք Սաշիկի 50-50-ը, սա է տեղի ունեցել: Սա խիստ քննադատելի է, իրենք ուզում են բյուջեն լայնացնեն, բայց տնտեսության հաշվին չպետք է դա լինի, այսինքն մանր ու միջինի հաշվին չպետք է լինի»,- ասաց նա:

Գևորգյանը նշեց, թե կառավարությունն ասում է՝ ունենք բանակի զորացման հարց: «Բանակի զորացումը, սակայն, չպետք է լինի տնտեսության քայքայման հաշվին, որովհետև տնտեսությունը թիկունքն է: Եթե ուզում են բյուջեն լայնացնեն թող իրենց պարգևավճարները վերացնեն, ճոխ-ճոխ աշխատավարձեր թող չսահմաներ պաշտոնյաներին, որովհետև բյուջեի խնդիր կա»,- ասաց նա: