Ապացուցվել է, որ այդ քաղաքականությունը միշտ իր հակառակ ազդեցությունն է ունեցել,  և ԱՄՆ-ն այդ հարցում պարտվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրին, որով խստացվում է Իրանի նկատմամբ տնտեսական, քաղաքական առևտրային ճնշումը:

«Եթե նրանք որդեգրեն առավելագույն ճնշման քաղաքականություն, մենք էլ առավելագույն դիմադրության քաղաքականություն կորդեգրենք: Մենք շատ մանրակրկիտ հետևում ու մոնիթորինգ ենք անում ԱՄՆ նորընտիր կառավարության որդեգրած քաղաքականությանը, ուստի այդ հարցում շատ զգոն ենք: Հիմարություն է՝ մի քանի անգամ կրկնել նույն սխալը ու ենթադրել, որ ամեն անգամ այն կարող է այլ արդյունք տալ: Գիտեք, որ ամենախիստ պատժամիջոցները կիրառվել են Իրանի  միջուկային ու հրթիռային արդյունաբերության մեջ, բայց մենք այդ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ենք արձանագրել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե այդ քաղաքականությունը ինչպես կարող է ազդել ՀՀ-Իրան հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության պայմանագիր, դեսպանը նշեց.

«Այն փաստաթուղթը, որ ստորագրվել է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև, ավելի թույլ փաստաթուղթ է, քան այն փաստաթուղթը, որը նախկին իշխանությունների ժամանակ է ստորագրվել: Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճնշումների ազդեցությունից հեռու պահել: Շատ կարևոր եմ համարում ընդգծել այն, որ մեր և Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում և ընկալում կա այս հարցի շուրջ ու մենք խորապես գիտակցում ենք, որ մեր հարաբերություններն իրագործվում են ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Այս փոխադարձ ըմբուռնումը թույլ է տալիս կառավարել զարգացումները: Ինչ վերաբերում է ՀՀ-ԱՄՆ ստրատեգիական պայմանագրին, ապա ՀՀ իշխանությունները մեզ հստակ ասել են, որ այդ փաստաթուղթը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին, ՀՀ իշխանությունները ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի Իրանի շահերին: ՀՀ-ի ու Իրանի միջև հարաբերությունները ձևավորվել են անկախ ու ազդված չեն այլ երկրներից»: