Իրանը պատրաստ է Թրամփին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ճանապարհով լուծելու տարաձայնությունները. Reuters

Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ճանապարհով լուծելու երկու կողմերի միջև տարաձայնությունները։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «եթե Վաշինգտոնը ձգտում է համաձայնության գալ իրանական կողմի հետ, ամերիկյան վարչակազմը պետք է «հանդարտեցնի Իսրայելին»։
Հիշեցնենք, որ Թրամփը ստորագրել է Ազգային անվտանգության նախագահական հուշագիրը, որը վերականգնում է առավելագույն ճնշումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության նկատմամբ, մերժում է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները և հակազդում Իրանի վնասակար ազդեցությանը արտերկրում:
Թրամփը նշել է, որ երջանիկ չէ այս փաստաթուղթը ստորագել, սակայն այս հարցում մեծ ընտրություն չունի: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կփորձի հասկանալ՝ արդյոք հնարավոր է Իրանի հետ գործարք կնքել, որպեսզի բոլորը կարողանան միասին ապրել:
«Եվ գուցե դա հնարավոր է, գուցե՝ ոչ… Ամեն ինչ շատ պարզ է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, այդ թվում` Իրանի նկատմամբ կոշտ լինել, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», – նշել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ Իրանը բավականին մոտ է միջուկային զենք ունենալու նպատակին:
Սրան ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թրամփն ապարդյուն անհանգստություն է հայտնում Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է հետևել Միջուկային զենքի չտարածման պայմանագրի սկզբունքներին։