Համընդհանուր հայտարարագրմամբ մենք նաև ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ ենք իրականացնում. այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անգամ խոշոր բիզնեսները սողանցքներ ունեն տարբեր ծախսագրումներով, շահույթները նվազեցնելով տանել տարբեր մարդկանց, այդ թվում ազգականների հաշիվներին գումարները նստացնել, մենք այսպիսով բիզնեսի արդար հարկման մեխանիզմ ենք ստեղծում ու ձևավորում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ուզում են նաև, որ յուրաքանչուր քաղաքացի ունենա մի թղթապանակ, որտեղ ամեն օր կարողանան մտնել ու տեսնել, թե պետությանն ինքն ինչքան հարկ է  գեներացրել:

«Սա գործոններից մեկն է որ պետք է ուժեղացնի քաղաքացու և պետության հարաբերությունը: Այսպիսի խոսույթ էլ եմ լսել, որ ասում են՝ պետությունն ինչո՞ւ է մտնում քաղաքացու գրպանը:

Էդ ո՞ւմ պետությունն է, ժողովուրդ ջան, էդ պետությունն ո՞վ է, այդ պետությունն այն մարդն է, ով դա ասում է: Ասում է՝ ինչու է պետությունն ուզում իմ գրպանը մտնի, պետությունը չի մտնում իր գրպանը, ինքն իր մի ձեռքով աջ գրպանն է ստուգում, մյուս ձեռքով՝ ձախ: Այդ պետությունը հենց այդ մարդն է, և այդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, պետությունը գնում, փարվում է այդ մարդուն, ասում է եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի, դու իմ տերն ես»,- ասաց նա: