Երևանում այլևս չկան հուսահատության գազելներ. այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր տրանսպորտային համակարգին:

«Երևանում եղել է ինչ-որ մի տրանսպորտային համակարգ, ու հիմա այն չկա, իսկ ինչո՞ւ է դա վերացել, ամեն ինչ արվել է, որ այն լինի ձրի, հետո գնացել կորել է: Հիմա Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ է ասել՝ եկեք ոչ մի բան չփոխենք, այն տրամաբանությամբ, որով օգտվում էինք գազելներից, օգտվենք նոր ավտոբուսներից:

Բայց դրա արդյունքում շուտով կունենանք «ման» ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը սկոչով ցելոֆան կլինի կպցրած, օդորակիչը չի աշխատի, նստարանը կոտրված կլինի, այն ինչը մեր աչքի առաջ մի քանի անգամ տեղի է ունեցել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այսօր այդ նոր տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա:

«Մենք պետք է Երևանում դնենք մի տրանսպորտային համակարգ, որը պետք է զարգանա, մենք այսօր պատրաստվում ենք մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել: Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է, դա հարստություն է, որը կարող ենք կորցնել, որը հիմա մի կերպ պահում ենք:

Հարցը հայեցակարգային մակարդակում պետք է հասկանանք, իսկ հարցը հետևյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս տրանսպորտային համակարգը շարունակի գոյություն ունենալ և զարգանալ, թե ուզո՞ւմ ենք էլի գա իկառուս, երազ, իշոտնուկներով երազներ, հետո գազելներ, հետո հուսահատության գազելներ, սա է հարցը»,- նշեց նա: