Վերջերս ինձ քաղաքացի է դիմել՝ 300 քառակուսի հող է ձեռք բերել, որ 100 քմ բնակելի տուն կառուցի, երեք կողմն էլ բնակելի տներ կան, իսկ սերվիտուտի համար միայն այդ տարածքն է դրվել, որ պետք է իրավունք վերցնեն, ու դա տևել է երեք ամիս: Հիմա այս խնդիրը Դուք լուծելո՞ւ եք: Այս մասին ԱԺ-ում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Ըստ պատգամավորի՝ դա սոցիալական խնդիր է, որ մարդը երեք ամիս էլ վարձով է ապրել, մինչև իր տունը կկառուցվի:
«Ինչպե՞ս կարող է երեք կողմում լինեն կոմունիկացիաները, չգիտեմ, քարտեզագրված է, թե՝ չէ. գազ, ջուր, մնացածը, դրանք էլ պետական մարմինը չի կառավարում: Միգուցե շատ բան վերցնեք ձեր վրա՝ այդ կոմունիկացիաների սերվիտուտի իրավունքների հետ կապված, որ Դուք միանգամից տաք իրավունքը:
Ի՞նչ է նշանակում երեք ամիս, սերվիտուտն այդպես երկար ինչո՞ւ պետք է տևի»,- ասաց պատգամավորը:
Թովմասյանը նշեց, որ պատգամավորը շատ կարևոր հարց է բարձրացնում:
«2023 թվականին ԱԺ-ն առաջին անգամ ընդունել է տարածական տվյալների մասին օրենք, որի հիման վրա կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը։ Ազգային գեոպորտալում կադաստրի կոմիտեն, այս պահի դրությամբ, ներառել է բոլոր այն բազային շերտերը, իհարկե, իրենց թերություններով հանդերձ: Ձեր բարձրացված հարցի լուծումը, այո, այդ համապատասխան ենթակառուցվածքների ճիշտ քարտեզագրումն է և ինտեգրված միջավայրի ստեղծումը։ Սրա վերաբերյալ ես կարող եմ նշել, որ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, և այս պահի դրությամբ ևս շարունակվում են ինտեգրացիոն աշխատանքները»,- ասաց նա:
Պատգամավորն էլ նշեց, որ պետք է վերջնական մի քարտեզ ունենանք, առաջնորդվենք այդ քարտեզով և այդպես ամիսներով չձգձգենք, վերջին հաշվով, այդ մարդիկ մեր քաղաքացիներն են, այն էլ խոսքը շատ մեծ տների կառուցման մասին չէ: