Արձագանքելու որևէ բան չկա, ակնհայտ է՝ ինչ է տեղի ունենում, ցավալի է, հույս ունենանք, որ դատավարության ավարտից հետո հնարավորություն կլինի այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությանը:

Հարցին՝ ինչո՞ւ են Արցախի ներկայացուցիչներն ու ընդդիմությունն ասում՝ բավարար ջանքեր չեք գործադրում վերադարձնելու համար գերիներին, Սիմոնյանն ասաց. «Ղարաբաղի նախկին ղեկավարների հայտարարություններին և ասածներին  մտիված չեմ հետևել, համարում եմ՝ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ լռեն: Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք, ճիշտն իրենց պարագայում լռելն է»:

Սիմոնյանը հավելեց, որ նրանք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական, ՀՀ իշխանությունը մեկն է:

«Այո, մենք պետք է որոշում կայացնենք և իրենք այդ որոշումներին ենթարկվեն, և ոչ թե փորձեն իրենք առանձին օրակարգ թելադրեն, դա չի ստացվելու, թույլ չենք տալու: Թող իմանան՝ ով ինչով է զբաղվում ու հանկարծակի չսխալվեն»,- ասաց նա: