Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է և երկկողմ հաստատվել է, այնտեղ ֆիքսված է, որ անկլավների հարց չկա: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին սահմանազատումը հյուսիսից շարունակելու դեպքում Տավուշի անկլավներն արդյոք հանձնվելու են:
«Բացի այդ, մենք անկլավների քննարկման հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, ոչ մի խնդիր, կա Արծվաշենը՝ ֆիքսված անկլավը, մեր հայկական անկլավը և ոչ մի խնդիր չենք տեսնում որևիցե փուլում այդ քննարկումը սկսելու: Չենք կարծում, թե դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձևով անհանգստանանք կամ որևիցե մտավախություն ունենանք»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ մեզ համար շատ կարևոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված:
«Կնայենք, եթե այդ տարածքներն իրավական փաստաթղթավորում ունեն, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում: Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում և Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է լինի»,- շեշտեց նա:
Սիմոնյանը հավելեց, որ սահմանազատումը կշարունակվի հյուսիսից մինչև ներքև: