2012 թվականից սկսած Կադաստրի կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որի հիման վրա սկսվել էր հաշվարկվել գույքահարկը:
Այս մասին ԱԺ նիստում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ:
«Սկսած 21 թվականից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա, ըստ էության, քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել գույքահարկ: Այդ պակաս գույքահարկի առաջադրման արդյունքում մեր քաղաքացիների վրա հաշվարկվել էր համապատասխան տույժեր և տուգանքներ՝ պակաս վճարած գումարի մասով:
Ստացվում էր, երբ քաղաքացիները կատարել էին համապատասխան գույքահարկի մարումներ, բազաների ճշտումների հետևանքով պարզվում էր, որ պակաս է մարվում գույքահարկը և պետք է հավելյալ գույքահարկի վճարումներ տեղի ունենան, քաղաքացիների վրա հաշվարկվում էր հավելյալ տույժեր՝ տուգանքները չվճարած գումարների մասով»,- ասաց նա:
Թովմասյանի խոսքով՝ նախագծով ֆիքսում են, որ եթե գույքահարկը հաշվարկված է սխալ և այդ սխալը եղել է տեղեկատվական բազայի սխալի հետևանքով, զրոյացնում են այդ քաղաքացիների վրա և այս տույժերի զրոյացման խնդիրը տարածում են 2021-ից սկսած գույքարակի բազաների վրա:
«Իսկ ինչո՞ւ 21 թվից, քանի որ համապատասխանաբար տվյալների ինտեգրացիան համայնքների էլեկտրոնային համակարգերի հետ ներդրվել է 21-ից, դրա համար ֆիքսում ենք այս թվականը: Իսկ օրենքի ընդունումից հետո ֆիքսում ենք անցումային դրույթ, ըստ որի, համատասխանաբար վերահաշվարկներ պետք է կատարվեն գույքահարկի բազաներում թույլ տված սխալների հետևանքով հաշվարկված չվճարված գույքահարկի կամ ավելի վճարած գույքահարկի մասով»,- ասաց նա: