Ես տարբեր վարկածներ եմ լսել վերջին օրերին տեղի ունեցածի հետ կապված, ես, իհարկե, չեմ մեկնաբանելու ՌԴ նախագահի գործողությունները կամ արդեն հարցը այդ ձևով հնչեցնելը որքանով է ճիշտ, իսկ արդյոք կարող էին այնպես անել այդ իրավիճակում, որ դա այդպես չլիներ, չգիտեմ:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք կարող էր ՌԴ նախագահն այնպես անել, որ գերության մեջ չհայտնվեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Իհարկե շատ լավ կլիներ, որ այդ ամեն ինչը չլիներ, բայց ունենք այս ցավալի իրավիճակը: Կարծում եմ՝ եթե կարողանային կանեին, որովհետև այս ամեն ինչը նաև հարվածում է նրանց հեղինակությանը Հայաստանում, որը չեմ կարծում, որ իրենք ցանկացել են: Տրամաբանական տեսանկյունից չեմ կարծում, թե սա իրենց համար լավ իրավիճակ է:

Արցախի կորցնելը և այս ամեն ինչը հարված էր նաև նրանց հեղինակությանը ոչ միայն Հայաստանում այլ նաև աշխարհում ընդհանրապես, չեմ կարծում՝ սա մի սցենար է, որ իրենք կուզենային, որ լիներ»,- ասաց պատգամավորը:

Հարցին էլ՝ հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, Քոչարյանն ասաց. «Ես նման հավակնություն չունեմ, երբեք հավակնություն չեմ ունեցել քաղաքականությամբ զբաղվելու, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան, եղան գործընթացներ, որ չէի կարող դուրս մնալ»: