Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը։
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Փոխարենը, հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում կլինի «համապետական» բառը։
«Նախագիծը, եթե հավանության արժանանա, ապա Հայաստանի Հանրապետությունն իր անկախության օրվանից ի վեր, առաջին անգամ կունենա այսքան բովանդակալից, դինամիկ, մշակութային կյանքը զարգացնող մշակույթի օրենք»,- նշեց Դանիելյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ այդպիսով իջեցվում է վերը նշված մշակութային կառույցների նշանակությունը։
«Ըստ էության, այս նախագծով կոնցեպտուալ փոփոխություն է նախատեսվում անել. դուրս է մնում «ազգային» կարգավիճակը։ Ընդհանուր 11 կառույցի շնորհվել է «ազգային» կարգավիճակ իրենց մշակութային գործունեության բացառիկ առաքելություն և դերակատարություն ունենալու համար։ Նախագծով պատճառաբանվում է, թե այդ բառը փոխարինվում է «համապետական»–ով, շեշտելով պետության դերակատարությունը։ Այդ կառույցներն այսպես թե այնպես պետական են»,-նշեց պատգամավորը:
Նա հետաքրքրվեց` ինչու է նման փոփոխությունն անհրաժեշտ, ինչին ի պատասխան` Դանիելյանը շեշտեց` մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Գալստյանը մեղադրեց փոխնախարարին բոլորին մոլորեցնելու փորձ անելու կամ նախագծին լավ չտիրապետելու մեջ և հակադարձեց` մեջբերելով հոդվածներից մեկը։ Ըստ դրա` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, ստեղծված և գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանելու են իրենց կարգավիճակը։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորին՝ նշելով, որ այսօր, ըստ էության, նսեմացվում են մարզերում գործող մյուս հաստատությունները, որոնք իրենց անվան մեջ չունեն «ազգային» բառը:
«Ի դեպ, ԿԳՄՍՆ–ի ներդրած նոր կարգի արդյունքում, ինձ վստահեցնում են, որ Օպերայում և տիկնիկային թատրոնում միջին աշխատավարձը 300,000-600,000 դրամի է հասնում։ Առաջիկայում նոր թատրոն էլ է միանալու։ Պատրաստվում ենք նաև թատրոնների ղեկավար անձնակազմին խրախուսել` տնօրենը ներկայացումից գոյացած հասույթից որոշակի պարգևավճար կունենա։ Որքան լավ ներկայացումներ բեմադրվեն ու հանդիսատեսն էլ շատ լինի, ապա ամեն ամսյա աշխատավարձին կգումարվի նաև պարգևավճարը»,-նշեց Գաբրիելյանը։
Նա շեշտեց` առաջին հերթին այն ենթադրելու է համապատասխան հաստատությունների պարտավորությունները հայկական մշակույթի տարածման գործում:
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին էր ՀՀ կառավարությունը առաջարկել մշակութային տարբեր հաստատությունների անվան «ազգային» բառը փոխարինել «պետականով»:
Այն ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել էր` անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական: