Ադրբեջանը շինծու մեղադրանքներով կոծկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները. Օկամպո
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների (նկատի ունի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ բանտարկյալներին-Խմբ.) դեմ կատարված հանցագործությունները. այս մասին X-ում հրապարակած տեսանյութում ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Նա հիշեցրել է, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն քրեական դատավարությունները:
«Ստալինը մեռած է, բայց Ալիևը սովորում է նրանից՝ ցուցադրական դատավարություններն օգտագործելով իր թշնամիների վրա հարձակվելու համար. դա է այսօր կատարվում Ադրբեջանում»,- գրել է Օկամպոն՝ կիրառելով #FreeArmenianHostages հեշթեգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու» համար։
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: