Մեծ Բրիտանիայում բացվել է առաջին օրինական հաստատությունը, որտեղ թմրամոլները կարող են գնալ ու բժշկական վերահսկողության ներքո հերոին և կոկաին ստանալ: Բացի այդ, պիլոտային կենտրոնի անձնակազմը կկարողանա օգնել գերդոզավորման վիճակում հայտնվածներին: Հատկանշական է, որ այս կենտրոնում թմրանյութեր ընդունող մարդկանց ձերբակալում չի սպառնում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Գլազգոյում գտնվող Thistle Centre-ում թմրամոլներն ապօրինի նյութերն ընդունում են մաքուր և հիգիենիկ միջավայրում և Շոտլանդիայի կառավարությունը լիահույս է, որ այս կենտրոն այցելողները կխրախուսվեն՝ կախվածությունը հաղթահարելու համար:
Շոտլանդիան շարունակում է գրանցել թմրանյութերի գերդոզավորումից մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում. վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականին թմրամիջոցների չարաշահումից մահացել է 1172 մարդ, ինչը 12 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ:
Քանի որ Գլազգոն այս առումով ամենաուժեղ տուժած տարածքներից մեկն է, քաղաքում խմբերը տարիներ շարունակ քարոզչություն են իրականացրել անվտանգ սպառման օբյեկտ ստեղծելու համար:
Այսօրվանից կենտրոնը, որը գտնվում է Հանթեր սթրիթում, բաց կլինի թմրամոլների համար առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան 21:00-ը, տարին 365 օր:
Շոտլանդիայի կառավարությունը կենտրոնին ամեն տարի կհատկացնի 2 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ելույթ ունենալով անցած շաբաթ հաստատություն կատարած շրջայցի ժամանակ, առաջին պետնախարար Ջոն Սվիննին ասել էր. «Հուսով եմ, որ սա կօգնի մեզ նվազեցնել թմրանյութերից մահացությունները Շոտլանդիայում և կօգնի մարդկանց գտնել կյանքի այլ ուղի»:
Առողջապահության նախարար Նիլ Գրեյն էլ ասել է. «Հուսով եմ, որ սա ևս մեկ գործիք կլինի՝ նվազեցնելու վնասը և թմրամիջոցների հետ կապված մահերի մակարդակը»: