Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Սուջյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է նոր կառուցվող ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ճանապարհաշինարարների կողմից տեղադրված նախազգուշացնող բետոնե ցուցանակներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում ու բռնկվել:

Վթարի հետևանքով վարորդին, վառվող ավտոմեքենայի մերձակա տարածքից, դուրս են բերել նշված վայրով անցնող, ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները։

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: