Տիկի՛ն դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին

Այս դահլիճում ներկա գտնվող յուրաքանչյուր անձնավորություն գիտի, թե հիմա ինչ է այստեղ կատարվում՝ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, այսպես կոչված մանդատը վայր դնելու մասով, և Դուք եկել եք նրա հետևից Ազգային ժողով: Այս մասին Աժ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Ուզում եմ այդուհանդերձ 2 դրվագի վրա մենք կանգ առնենք։ Ի՞նչ են ասում մեր գործընկերները։ Հովիկ Աղազարյանի հեռախոսն ինչ-ինչ քրեական գործի շրջանակներում հայտնվել է պատկան մարմինների մոտ։ Հետո այդ հեռախոսի անձնական նամակագրությունները հայտնվել է իշխող ՔՊ վարչության, եթե չեմ սխալվում, 15 հոգանոց կազմի նիստին՝ պարզ տարբերակով մարդիկ ծանոթացել են անձի անձնական նամակագրությանը։ Շատ պարզ հարց են ձեզ տալիս, սա նորմա ՞լ է, թե՞ նորմալ չի։ Տիկին դատախազ, դեկտեմբերի չորսի հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան իմ հարցի, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռախոսի ուսումնասիրության ժամանակ պատկան մարմինները հանդիպել են տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ։ Դուք բոլորից լավ եք հասկանում այս բառերի նշանակությունը»,- ասաց պատգամավորը։
Խամոյանը նշեց, որ հիմա Ազգային ժողով եկել է ոչխարների գործով, Հովիկ Աղազարյանի հետևից։ «Սա փաստորեն ձեզ համար հիմք չի հանդիսացել հաղորդում հանցագործության մասին, թե՞ մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է և զրպարտել է»,- ասաց պատգամավորը:
Վարդապետյանն, ի պատասխան, նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում: «Ես ներկայացրել եմ միջնորդագիր, երրորդ անգամ ստիպված եմ կրկնել, որ միջնորդագրի հետ կապ չունեցող և միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու»,- ասաց գլխավոր դատախազը։
«Տիկի՛ն դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, ներողություն եմ խնդրում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում, որովհետև նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի բառացի մեջբերում եմ, հայտարարել է՝ ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Դուք հիմա կատարում եք քաղաքական պատվեր, տիկին Վարդապետյան»,- ի պատասխան ասաց Խամոյանը:
Վարդապետյանը նորից նշեց, որ քաղաքական հայտարարության չի արձագանքում: