Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

original-sn5-1752664522169-770x_

Ստամբուլի դատարանը քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը ձերբակալվել էր դատախազին վիրավորելու համար, դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Habertürk-ին հղումով։

Դատարանի վճիռը կբողոքարկվի, հայտնել է հեռուստաալիքը։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք, ինչպես պահանջում էր մեղադրող կողմը։

Իմամօղլուի դատավարությունը տեղի է ունենում Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա պահվում է մարտ ամսին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց ի վեր: Դատական նիստին ներկա են եղել Իմամօղլուին աջակցող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգուր Օզելը և քաղաքապետի փաստաբանները:

Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: Ստամբուլի դատախազությունը պահանջել է մինչև 7 տարի 4 ամիս ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք:

Իմամօղլուն, որյ առաջին անգամ Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել 2019 թվականին, ձերբակալվել էր մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկչական կապերի մեղադրանքով, կալանավորվել՝ մարտի 23-ին։ Ստամբուլի քաղաքապետի կալանքին հաջորդել էր ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ցույցերի ալիքը Թուրքիայում։

Ժողովրդահանրապետական կուսակցությունը պարբերաբար հանրահավաքներ է անցկացնում ի պաշտպանություն Իմամօղլուի երկրի տարբեր մասերում, ինչպես նաև ստորագրություններ է հավաքում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու և Իմամօղլուին որպես ընդդիմադիր նախագահի թեկնածու աջակցելու համար։