Սկսվում է մեր «ոսկե դարը», Գրենլանդիան այսպես թե այնպես մերն է լինելու, ԱՄՆ դրոշը ծածանվելու է Մարսի վրա. Թրամփի ուշագրավ հայտարարությունները՝ Կոնգրեսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես է եկել «Երկրի դրության մասին» ուղերձով։ Նա խոսել է տնտեսության, ուկրաինական հակամարտության կարգավորման և բազմազանության քաղաքականության դեմ պայքարի մասին։ ԱՄՆ նախագահը չի մոռացել նաև Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի և Մարսի մասին:
Թրամփի ելույթի հիմնական թեզերն ու ուշագրավ հայտարարությունները ներկայացնում ենք ստորև.
- Իմ վարչակազմը 43 օրվա ընթացքում ավելի շատ բանի է հասել, քան նախորդ վարչակազմերի մեծ մասը կարող էին հասնել 4 կամ 8 տարվա ընթացքում, և սա դեռ սկիզբն է:
- Համոզված եմ՝ ես փրկվեցի Տիրոջ կողմից՝ Ամերիկան կրկին հզորացնելու համար։
- Ցանկացած ոլորտում մասնագետների աշխատանքի ընդունումը պետք է հիմնված լինի հմտությունների , այլ ոչ թե ռասայական պատկանալության կամ սեռի վրա:
- Հրամանագիր եմ ստորագրել երեխաների գենդերային փոփոխությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ֆինանսավորումից զրկելու մասին:
- Ես ցանկանում եմ, որ Կոնգրեսն ընդունի օրենսդրություն, որը մեկընդմիշտ արգելում և քրեականացնում է երեխաների սեռափոխության վիրահատությունը:
- Կոնգրեսը պետք է ֆինանսավորի առաջադեմ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմում, այն ամբողջությամբ կարտադրվի ԱՄՆ-ում:
- Ես աջակցում եմ Գրենլանդիայի՝ իր ապագան որոշելու իրավունքը և կողջունեմ, եթե նա որոշի միանալ Միացյալ Նահանգներին։ Հուսով եմ, որ այսպես թե այնպես այն ԱՄՆ-ինն է լինելու:
- Միացյալ Նահանգները սկսել է վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի վրա, ամերիկյան ընկերությունը պայմանագիր է կնքել ջրանցքի նավահանգիստները գնելու համար:
- ԱՄՆ-ն իր դրոշը կտեղադրի Մարսի վրա և շատ ավելի հեռու վայրերում:
- Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվում. դա կլինի մի բան, որը աշխարհը նախկինում չի տեսել: