Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին երկու անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի. hetq.am

l-5521th1yvx-770x_

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար և մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ պարզաբանում, բացատրություն չի ուզել, բողոքի հայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել: Այս մասին գրում է «Հետքը»։

Կալինյակը մեկ ամսում երկու անգամ կեղծիք է հնչեցրել Հայաստանի մասին

Փետրվարին տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր խոսքի մեջ Ռ. Կալինյակը որպես օրինակ նշել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Հարցազրույցը Smer-SD կուսակցության ու Կալինյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրվել է փետրվարի 21-ին:

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Ուկրաինայում չեն կարող ընտրություններ անցկացվել, քանի որ այդ երկրի սահմանադրությունն արգելում է դրանց կազմակերպումը օկուպացիայի ժամանակ՝ Սլովակիայի ներկայիս ռուսամետ կառավարության ներկայացուցիչ Կալինյակն ասել է. «Եթե այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լիներ, որն օկուպացվել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրությունները վատ չեն անցնում, ընդ որում՝ երկրի 1/3-ը օկուպացված է արդեն 40 տարի: Սա՝ առաջին դեպքը: Երկրորդ դեպքը՝ երբ ընտրություններ են անցկացվել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիվ դեպքեր կան»:

ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը, մեր երկրում Սլովակիայի ռեզիդենտ դեսպան Միրոսլավ Հացեկը (Miroslav Hacek, դեսպան է 2022-ից) ՀՀ ԱԳՆ չի հրավիրվել, նրանից բացատրություն չի պահանջվել, Սլովակիայի կառավարությանը հայկական կողմը բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացրել, Սլովակիայում ՀՀ դեսպանությունը լռություն է պահպանել (այդ երկրում ՀՀ դեսպանը 2024-ից Անդրանիկ Հովհաննիսյանն է (նստավայրը՝ Վիեննա), որը միաժամանակ մեր դեսպանն է Ավստրիայում, Շվեյցարիայում, ինչպես նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում):

Փոխարենը Կալինյակի հայտարարությանը փետրվարի 22-ին արձագանքել են Սլովակիայի հայերը իրենց ստեղծած «Լուրեր Ղարաբաղ-Արցախից» ֆեյսբուքյան էջով, որը 2020 թվականից ներկայացնում է սլովակերեն նորություններ Հայաստանի ու օկուպացված Արցախի վերաբերյալ:

«Ցավում ենք, որ նախարարը տրվել է ադրբեջանական քարոզչությանը: Քաղաքական գործիչները պետք է ստուգեն փաստերը, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեն,- ասվում է հայկական կողմի հայտարարության մեջ, ապա կոչ ուղղվում հենց Ռոբերտ Կալինյակին,- եթե Դուք աչք եք փակում Ղարաբաղում ադրբեջանական իսլամիստական տարրերի կողմից առաջին քրիստոնյաների (301 թ. հայերն ընդունել են քրիստոնեությունը որպես աշխարհում առաջին պետություն) դեմ իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման վրա (Բաքվի հետ զենքի բիզնեսի, գազի եւ այլնի, այսինքն՝ ռեալպոլիտիկի պատճառով), ապա առնվազն մի մեղադրեք զոհերին, որոնք վտարվել են իրենց հայրենիքից, որտեղ ապրել են 2500 տարի: Հակառակը, ադրբեջանցիներն են այս տարածքում իմիգրանտ առավելագույնը 100 տարվա պատմությամբ»:

Այնուհետ պատմական անդրադարձ է կատարվել Ստալինի ճնշմամբ 1921 թ. կայացված որոշմանը, որով Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին:

«Ամբողջ խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը փլուզվել է, իսկ Ղարաբաղի ճնշված հայերը հրաժարվել են մտնել անկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ ԽՍՀՄ այն ժամանակվա բոլոր իրավական նորմերին ու միջազգային կանոններին համապատասխան անկախություն են հռչակել… Այսպիսին են փաստերը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն երբեւէ չի օկուպացրել Ադրբեջանի որեւէ մաս, ինչպես Դուք եք պնդում (Բաքվի ապատեղեկատվություն), այլ հակառակը՝ այսօր Ադրբեջանն է օկուպացրել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի մի մասն ու սպառնում է գրավել այն ամբողջությամբ,- հայտարարել են Սլովակիայի հայերը բարձրաստիճան պաշտոնյային ուղղված կոչում,- պարզապես ի գիտություն Ձեզ՝ այսօր ադրբեջանցիները, Ղարաբաղի 120.000 հայերին վտարելով իրենց հայրենիքից, վերացնում են այդ տարածաշրջանում քրիստոնեության բոլոր հետքերը, ներառյալ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող հուշարձաններն ու եկեղեցիները, որոնք նրանք հողին են հավասարեցնում…»:

Այդուհանդերձ, նախորդ կեղծիքից մեկ ամիս չանցած Ռոբերտ Կալինյակը շարունակել է ապատեղեկատվության ու ադրբեջանական կեղծ թեզերի տարածումն իր երկրում:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։