Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել բյուջետային միջոցներից շուրջ 5,4 միլիոն դոլար յուրացնելու համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար, հայտնում է ekhokavkaza.com-ը:
Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Դատարանը հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանել 300,000 լարիով։
Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ գործընթացը քաղաքական բնույթ է կրում։
Վրաստանի դատախազությունը պնդում էր, որ 2009 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 25-ը Միխեիլ Սաակաշվիլիի հանձնարարությամբ և կազմակերպմամբ պետական բյուջեից յուրացվել է 9 միլիոն լարի (այն տարիներին շուրջ 5,4 միլիոն դոլար)՝ նրա անձնական նպատակների համար։
Ազատազրկման նոր ժամկետը կհաշվվի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, ըստ դատավճռի, նա ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։ Միաժամանակ նրա նկատմամբ շարունակվում են դատավարությունները՝ կապված 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի և սահմանի ապօրինի հատման հետ կապված գործերով։