Ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը հայտնաբերվել է Գյումրիում

screenshot-2025-04-12-102749-770x_

Ապրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը և բաժնի պետ տեղակալ Արծրուն Միքայելյանը։

Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տեսել ով, կամ ովքեր են գողացել, դեպքի փաստով էլ Շենգավիթի քննչական բաժնում «գողություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա, իսկ Շենգավիթի ոստիկաններն էլ 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստացել, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում հայտնաբերվել է  նշված ավտոմեքենան և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վլադիմիր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոմեքենայի հայտնաբերման փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։