Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների. Զելենսկին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի վրա ՌԴ-ի հարվածի մասին

Ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը՝ հզոր պայթուցիկ մարտագլխիկով, այս գիշեր հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ոչնչացված 4-րդ էներգաբլոկի ճառագայթումից աշխարհը պաշտպանող պատին։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այս անօդաչու սարքից վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի պաշտպանիչ պատը։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ճառագայթային ֆոնը չի բարձրացել, և դա անընդհատ վերահսկվում է։ Նախնական հաշվարկներով՝ հասցված վնասը զգալի է», – գրել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինան այս պաշտպանիչ պատը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և այլ երկրների հետ՝ բոլոր նրանց հետ, ովքեր իրական անվտանգություն են ցանկանում մարդկանց համար։
«Այսօրվա Ռուսաստանն աշխարհում միակ պետությունն է, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ հաշվի չառնելով հետևանքները։ Եվ սա ահաբեկչական սպառնալիք է ողջ աշխարհի համար», – գրել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ամեն գիշեր նման հարձակումներ է իրականացնում ուկրաինական ենթակառուցվածքների և քաղաքների դեմ։
«Ռուսաստանը չի փոխում իր խելահեղ հակամարդկային պետական հռետորաբանությունը, իսկ դա նշանակում է, որ Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների։ Նա պատրաստվում է շարունակել խաբել աշխարհին։ Դրա համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որը պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար», – եզրափակել է նա: