Պետք է հարթակ ստեղծվի, որ հազվագյուտ հիվանդությունների դեպքում արտասահման տանելու համար վիզաների խնդիր չլինի. Խաչատուր Սուքիասյան

Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մի քանի հարց բաձրացրեց:
Նշենք, որ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջարկել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:
«Պարոն Թորոսյան, ես շատ կուզեմ, որ մի այլ հարթակ ստեղծվի: ՀՀ-ն փոքր պետություն է, հազվադեպ հիվանդություններ են լինում շատ քաղաքացիների, երեխաների մոտ, նրանց հրատապ պետք է տանել արտասահման, քանի որ Հայաստանում այդ մասնագետները չկան: Վիզաների խնդիրները պետք է մեր պետական մարմինները միջազգային կառույցների հետ աշխատեն, որ ցանկացած երկրում, որտեղ լավագույն մասնագետը կա, կարողանան արագ տեղափոխել հիվանդներին:
Երկրորդը՝ գոնե կարողանանք այդ պրոֆեսորներին, եթե դրա կարիքը կա, հրավիրել Հայաստան և պետական աջակցություն լինի»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ շատ դեպքերում էլ դեղորայքի կարիք է լինում Հայաստան բերելու հազվագյուտ հիվանդությունների համար:
«Դեղատոմսերն անգլերեն չեն, այնպիսի բլանկներ չկան, որոնց վրա պետք է գրվի: Խնդրում եմ, Դուք համաշխարհային առողջապահական կազմակերպության միջոցով մի հարթակ ստեղծեք, որ ցանկացած քաղաքացի, ցանկացած ընտանիք, եթե այդպիսի խնդիր ունենա, դիմի և օգնեն դրանով»,- ասաց նա:
Հաջորդիվ Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ բժշկական տուրիզմին, որտեղ էլ, ըստ նրա, երեք կարևոր խնդիր կա:
«Բժշկի բրենդը, երկրորդը՝ սաքրավորումներն են, երրորդը՝ հիվանդի վայրն է, որտեղ նա պետք է գտնվի, արդյո՞ք դա համապատասխանում է միջազգային նորմերին, թե՝ ոչ, խնդրում եմ այստեղ ևս նորմատիվներ սահմանենք, որ ամեն շենքի վրա չկարողանան գրեն հիվանդանոց»,- շեշտեց նա: