Պաշտպանի հանձնարարությամբ ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։
Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների առնչությամբ հրապարակումներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել տեղամասային կենտրոններ՝ ընտրական գործընթացի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։
Մշտադիտարկման չհայտարարված այցին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Այդ համատեքստում արձանագրվել են տեղամասային կենտրոնին հարող տարածքի, շենքերի, քվեարկության սենյակի, այդ թվում՝ սենյակի գտնվելու հարկի, բավարար լուսավորության, սանհանգույցի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։ Ընդ որում, նշված խնդիրներն արձանագրվել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկում՝ որպես այդպիսիք նշված տեղամասային կենտրոններում։
Այսպես, օրինակ՝ արձանագրվել է, որ ցուցակում քվեարկության սենյակը նշված է եղել առաջին հարկում, մինչդեռ, գտնվել է նկուղային հարկում, իսկ մուտքը եղել է միայն աստիճաններով։
Արձանագրվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։
Տեղամասային կենտրոններն ապահովված չէին խոշորացույցերով, առկա էր քվեաթերթիկների համար բրայլյան կաղապարների կիրառության վերաբերյալ իրազեկվածության պակաս և այլն։
Տեղեկատվություն է ստացվել նաև այն մասին, որ անձը հաշմանդամությամբ պայմանավորված` չի կարողացել տանից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ,ինչն անթույլատրելի է:
Ընտրական գործընթացների ժամանակահատվածում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին: