Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել է՝ շուտափույթ կերպով ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը՝ ակնկալելով համաձայնագրի շուտափույթ ստորագրում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է համապատասխան հայտարարություն:
«Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված փոխըմբռնման ձեռքբերումը և խրախուսում է այս համաձայնագրի շուտափույթ ստորագրումը` երկու ժողովուրդների և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»,-նշված է Ուրուգավայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։