Որդին մոր ոսկեղենը գրավադրել էր բանկում ու խաղադրույքներ կատարել

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա որդին հայտնել է, որ 5400 դոլարը մարտ ամսվա ընթացքում մաս-մաս վերցրել, փոխանակել է դրամով և խաղադրույքներ կատարել:
Գումարն ամբողջությամբ պարտվելուց հետո վերցրել է մոր ոսկյա զարդերը և գրավադրել բանկում։ Այնուհետև այդ գումարով առցանց հարթակներից մեկի միջոցով գնել է 100 դոլար և 20 000 դրամ անվանական արժեքներով հուշանվեր-թղթադրամներ ու դրել գողացած գումարի փոխարեն, իսկ մնացած գումարով կատարել է խաղադրույքներ ու կրկին պարտվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: