Նստեցի ինքնաթիռ և աչքերիս չէի հավատում․ Բելլա Բաբախանյան

mycollages-4_5-770x_

Նստեցի ինքնաթիռ և աչքերիս չէի հավատում, ինչ ասես չէի մտածում, մտածում էի, կարող է ադրբեջանցիները իմ կրկնօրինակին են սարքել, որ ես իմ հոժար կամքով ինքնաթիռ նստեմ, բայց դե, փառք Աստծո։ Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը։

Նա հավելել է, որ շուտով ուղիղ եթերներով հանդես կգա և կպատմի ամբողջ պատմությունը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանում հարազատներ ունի, Բելլան նշել է, որ ծնողները մահացած են, սակայն այստեղ ապրում է իր եղբայրը։

Ավելի վաղ հատնել էինք, որ բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան։ Ինչպես երեկ հայտնել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, Գագիկ Ծառուկյանը, ով մինչ այս օգնել էր Բելլային կարգավորել իրավական հարցերը, նրան հրավիրել է Հայաստան։

Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։

Գագիկ Ծառուկյանը կարողացել էր կարգավորել խնդիրը, որի վերաբերյալ Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, հրապարակում էր արել, նշելով, որ Ծառուկյանը կարողացել էր հնարավոր բոլոր լծակներն օգտագործելով, օգնել Բելլային․

«Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ էր ու բարդություններով լի։

Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար։

Այս պահին սահմանափակվենք այսքանով. երբ գործ ունենք ռեալ մարդու կյանքի հետ, այլ պետության տարածքում, նրա օրենսդրության տիրույթում, պետք է լինել շատ զգույշ, որովհետև նվազագույն սխալը կարող է լրջագույն հետևանքներ հասցնել հենց այդ մարդուն։

Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը Բելլային հրավիրել է Հայաստան: Հուսանք, որ Բելլան շատ շուտով կլինի հայրենիքում»։