Նորք-Մարաշում բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է բնակչի տան քարե պարիսպը, ապա՝ գազախողովակները

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Պարգև Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի այգիներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, ապա՝ գազատար խողովակներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում՝ լուսամուտի մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Երևանի ԳԳՄ»-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մերկասառույց ճանապարհը։