Նախընտրական քարոզչության խախտում՝ ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից

Նախընտրական քարոզչության խախտում՝ ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը:
«Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։
Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային:
Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական:
Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:
Պետական քաղաքական պաշտոն է Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնը, ովքեր ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
քաղաքական կամ հանրային քննարկումներին, միջոցառումներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելիս հանդես գալու ի պաշտոնե կամ նշելու իրենց պաշտոնեական դիրքի, կոչման մասին կամ որևէ կերպ օգտագործելու պաշտոնի հեղինակությունը որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի օգտին։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը եւս սահմանում է քաղաքական զսպվածության ու վարչական ռեսուրսի շահարկման սահմանափակումներ։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։
Պատգամավորին արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, օգտագործելը։
Օրենսդրի նման կամքն ու տրամաբանությունը պարզ է. դիցուք՝ այս դեպքում Ազգային ժողովի ամբիոնից քարոզչության հնարավորությունը ցանկացած ընտրության կամ հանրաքվեի ժամանակ, ակնհայտ առավելություն է տալիս իշխանության ներկայացուցիչներին եւ իշխանության թեկնածուներին, առավել եւս, որ այդ քարոզչությունը լուսաբանվում է հանրային հեռուստաընկերության համապետական ծածկույթով՝ անհավասար պայմաններ ստեղծելով նաեւ լուսաբանման հարթության մեջ։ Այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցող մյուս ուժերն եւ գործիչները հայտնվում են անհավասար պայմաններում։
Հետեւաբար, օրենսդիրը սահմանափակել է պատգամավորին Ազգային ժողովի ամբիոնը եւ այլ՝ իր պաշտոնից բխող ռեսուրսները, քարոզչական նպատակներով շահարկելու հնարավորությունը։
Սույն թվականի մարտի 25-ին՝ ԱԺ 8-րդ գումարման, 9-րդ նստաշրջանի հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ՝ Վահագն Ալեքսանյանը, Էմմա Պալյանը, Ալխաս Ղազարյանը, Հայկ Կոնջորյանը, Ջուլիետա Ազարյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում անդրադարձան Գյումրու մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը՝ կոչեր հնչեցնելով գյումրեցիներին, հորդորելով քվեարկել իրենց քաղաքական ուժի կողմից ներկայացված թեկնածուի օգտին (2 պատգամավոր անգամ հնչեցրին քվեաթերթիկի համարը), հակաքարոզչական եւ արատավորող թեզեր հնչեցրին ընտրությանը մասնակցող այլ թեկնածուների նկատմամբ (անվանական նշելով թեկնածուներին)՝ խախտելով քաղաքական զսպվածության եւ նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումները, ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն»,-ասված է հայտարարության մեջ: